ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, որը նախկինում Երևանի քաղաքապետն էր, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով պարտվել է ՀՀ առաջին ատյանի դատարանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր վարչական դատարան ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Շուրջ 1 տարի քննելով գործը` վարչական դատարանը որոշել է մերժել Հրաչյա Սարգսյանի հայցը:
Թերթը նշում է, որ Երևանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված և որոշումը բողոքարկել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի 4 հայց է ներկայացրել, որից մեկը 2022–ի սեպտեմբերին, 1–ը 2023–ի հուլիսին, և վերջին 2–ը` 2023–ի օգոստոսին։ Բոլորի պահանջը նույնն է։