ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ բարերարները 22 ամենագնացներ են նվիրել ՆԳՆ փրկարար ծառայությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Փրկարար ծառայություն և ծանոթացել ամենագնացների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։
«22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ամերիկահայ բարերարները 22 ամենագնաց են նվիրել ՆԳՆ փրկարար ծառայությանը
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համահայկական հիմնադրամին ու նվիրատուներին՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում տրանսպորտային միջոցները կօգնեն փրկարարներին՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքներում ցույց տալ առաջին օգնություն, տեղափոխել վիրավորումներ ստացած անձանց, իրականացնել հրդեհաշիջման, ձնամաքրման և որոնողափրկարարական այլ գործողություններ։