ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք` 31350 անձ։ Տեղեկությունը Երևանի ավագանու անդրանիկ նիստում հայտնեց ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման, կարիքները գնահատելու և այլ գործընթացներից անմասն չի մնացել նաև Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ պայմաններում գտնվող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկությունը և փոխանցում է Հայակական Կարմիր խաչի ընկերությանը»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։