ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսում ներկայացրեց իր թիմի ծրագրային առաջնահերթությունները, որոնք ուղղված են Երևանում բնակվող քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։
Նա առաջինը նշեց Երևանում տրանսպորտային ցանցի ավարտական բարեփոխումները և խոստացավ մայրաքաղաքում ավելացնել ավտոբուսների և էլեկտրական ավտոբուսների թիվը, ներդնել միասնական տոմսային համակարգ։ Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքի ամբողջ տարածքում կլինեն ավտոբուսների համար առանձնացված գծեր, և առաջնահերթությունը կտրվի հասարակական տրանսպորտը նախընտրող քաղաքացիներին։
«Կարծում եմ, որ հասարակական տրանսպորտը պետք է առավելություններ ունենա, մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- վստահեցրեց քաղաքապետը։
Նա որպես երկրորդ առաջնահերթություն նշեց քաղաքաշինական հարցերն ու խնդիրները։ Ավինյանի խոսքով ՝ իրենց որոշումներով թույլ կտան ազատվել զբոսայգիներում ապօրինի շինություններից, ապօրինի կրպակներից ու սրճարաններից։
«Մենք կերտելու ենք Երևան քաղաքի նոր տեսքն ու դեմքը։ Քաղաքաշինության ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում», - ընդգծեց նա։
Որպես երրորդ առաջնահերթություն Ավինյանը մատնանշեց Երևանի աղբահանության խնդրի լուծումը, Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը և աղբի վերամշակման գործարանի կառուցումը։
«Չորրորդ առաջնահերթությունը լինելու է կապիտալ խոշոր ծավալի ներդրումները` մանկապարտեզների, սպորտդպրոցների, դպրոցների և բոլոր այն հաստատությունների կառուցումը, արդիականացումն ու վերանորոգումը, որոնք լինելու են Երևանի քաղաքապետարանի տիրապետության ներքո»,- նշեց նա։
Հիշեցնենք` այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։