Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հարավային շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ռազմական պատասխանը կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը:
«Պետությունը (Իսրայելը) ամեն ինչ շուռ կտա ձեզ բոլորիդ օգնելու համար: Ես ձեզ խնդրում եմ ամուր կանգնել, քանի որ մենք պատրաստվում ենք փոխել Մերձավոր Արևելքը»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։
Վարչապետը նշել է, որ Իսրայելը ռազմական արշավի կիզակետում է` հավելելով, որ դժվար օրերը դեռ առջևում են:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։