ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ հայտարարություն չի ընդունել Իսրայելի և Գազայի իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ–ի ԱԽ նիստ. արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները փակ նիստում դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։
Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերն էլ հայտարարել է, որ պետություններից ոչ մեկը հայտարարության նախագիծ չի առաջարկել: Նա նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:
ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքինուն պատմել է, որ հակամարտության գոտում իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը:
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է գործի դնեն ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ խողովակները հրադադարի և դեէսկալացիայի կոչեր անելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:
Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ