Կրեմլում տագնապով հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Իսրայելում աշխատող դիվանագետները դեռ տեղեկություն չունեն տուժած ռուսաստանցիների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի-Sputnik. Կրեմլում տագնապով հետևում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեծ անհանգստությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում Իսրայելի շուրջ։ Այս իրավիճակը պոտենցիալ վտանգավոր է տեմպերի աճով, ուստի սա մեր մտահոգության առարկան է այս օրերին։ Մենք անհրաժեշտ գործողություններ ենք իրականացնում իրավիճակը հասկանալու համար»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսումը Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկման մասին, որի պատճառով, ըստ կանխատեսման, բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ժիրինովսկին շատ տարբեր հայտարարություններ է արել, որոնք պարունակում էին աշխարհում այս կամ այն իրադարձությունների ու գործընթացների զարգացման միտումների բացարձակ ճշգրիտ վերլուծություն:
«Ինչ վերաբերում է նրան՝ կմոռանան, թե չեն մոռանա Ուկրաինայի մասին... Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին», - ընդգծել Է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Իսրայելում դիվանագետները դեռևս տեղեկություն չունեն տուժած ռուսների մասին:
«Բավական եռանդուն ջանքեր է գործադրվում, դիվանագետներն աշխատում են շուրջօրյա, քանի դեռ տուժած ռուսների մասին որևէ տեղեկություն չկա»,-ասել Է Պեսկովը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ: