Իսրայելական ուժերն Արևմտյան ափին սպանել են 13 պաղեստինցու, որոնց թվում երեխա կա

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը Արևմտյան ափին 13 պաղեստինցու է սպանել, այդ թվում ` մեկ երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը:
«Հոկտեմբերի 8-ի ժամը 21:00-ի դրությամբ Արևմտյան ափի տարբեր շրջաններում իսրայելական ուժերը 13 պաղեստինցու են սպանել, այդ թվում ՝ 12-ամյա երեխայի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պաղեստինցիներից մեկը սպանվել է Ալ-Լուբբան Ալ-Գարբիեի (Ռամալլահ) մոտակայքում իսրայելական ուժերի զինծառայողի վրա հարձակվելու կամ ենթադրաբար դանակով հարվածելու փորձի ժամանակ:
Եվս մեկը սպանվել է Դեյր Շարաֆ (Նաբլուս) անցակետի մոտ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև զինված բախման ժամանակ:
Մյուս 11 պաղեստինցիները սպանվել են ցույցերի և այլ բախումների ժամանակ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:
Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ