Այս օրերին շատերն են հարց տալիս՝ ինչո՞ւ պաղեստինցիներին հաջողվեց այն, ինչ հաջողվեց։ Այս հարցին երևի հարցով կարելի է պատասխանել՝ իսկ ինչո՞ւ երեք տարի առաջ ադրբեջանցիներին հաջողվեց այն, ինչն ակնհայտորեն անակնկալ էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների և բարձրաստիճան զինվորականների համար։ Առանձնապես գաղտնիք չկա. վճռորոշ դեր խաղաց հակառակորդին թերագնահատելու և սեփական ուժերը գերագնահատելու դասական մտայնությունը։
Հայերս չգիտես ինչու թերագնահատում էինք ադրբեջանցիների հնարավորությունները, բայց ամենակարևորը՝ ամենայն լրջությամբ չէինք վերաբերվում այն իրական հեռանկարին, որ պատերազմելու ենք առաջին հերթին Թուրքիայի դեմ։ Մանկամտորեն ենթադրում էինք՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում Թուրքիան գրեթե դեր չխաղաց, այս անգամ էլ չի միջամտի։ Իսրայելի իշխանությունների համար էլ բավական մեծ ցնցում էր, երբ, ինչպես հեգնանքով նշում է իսրայելցի մեկնաբաններից մեկը, նրանք անսպասելիորեն հայտնաբերեցին, որ պաղեստինցիները ոչ թե ֆանատիկոսներ են, որոնք ընդամենը կարող են ինքնաշեն պայթուցիկ պատրաստել և այն տեղադրել ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկում, այլ ունակ են կազմակերպելու հրթիռների զանգվածային արտադրություն և հմտորեն ծրագրել տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակման գործողությունը։
Երկրորդ հանգամանքը։ Չէին սպասում։ Հիմա, իհարկե, հայաստանցի բարձրաստիճան զինվորականներն անընդհատ կրկնում են, թե հաստատ գիտեին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, բայց դա գիտե՞ք` ինչին է նման։ Երևի դուք էլ եք նկատել, մեծ թվով մարդիկ կան, որոնք պնդում են՝ ես դեռ 10 տարի առաջ էի զգուշացնում, որ պատերազմ է լինելու։ Համաձայնե՛ք` պատերազմին այնպես չեն պատրաստվում, ինչպես մենք էինք պատրաստվում, իսկ մենք, հիմա արդեն կարելի է անկեղծ խոստովանել, պարզապես չէինք էլ պատրաստվում։
Ինչ վերաբերում է պաղեստինցիների այս վերջին գործողություններին, ապա իսրայելցի ռազմական փորձագետ Դավիթ Գենդելմանը ԲիԲիՍի-ին ասել է. «Իսրայելի հետախուզությունը համոզված էր, որ հենց այս պահին ՀԱՄԱՍ-ը էսկալացիայի չի դիմի, քանի որ վերջին շաբաթներին Գազայի ավելի մեծ թվով բնակիչներ Իսրայելում աշխատելու թույլտվություն էին ստացել, Կատարից մեծ քանակությամբ փող էր փոխանցվել և այլն։ Այսինքն` ենթադրվում էր, որ կյանքը Գազայի հատվածում որոշակիորեն բարելավվել էր, ուստի կռվելու պատճառ չկա։ Դրա համար էլ բանակը կորցրել էր զգոնությունը, իսկ սահմանները պատշաճ կերպով պաշտպանված չէին։ Ու սա գերազանցապես այն պատճառով, որ հետախույզ վերլուծաբանները տրամաբանում էին՝ հարձակումը պաղեստինցիներին ձեռնտու չէ, ուրեմն չեն էլ հարձակվի։ Կյանքը ցույց տվեց, որ նման պարզունակ մտածելակերպը ոչ միայն սնանկ է, այլև կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»։
Ու ևս մի եզրակացություն, որը կարելի է ձևակերպել շատ հակիրճ՝ երբե՛ք մի կարծիր, թե լավ ես պաշտպանված։
Բոլորս էլ հավատում էինք, թե վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի շուրջ այնպիսի անառիկ պաշտպանական գծեր ու կառույցներ են ստեղծվել, այնպիսի ականային դաշտեր են հիմնվել, որ հակառակորդի ոչ մի տանկ չի կարող հաղթահարել։ Թե իրականում ինչ կատարվեց, հայտնի է։ Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ էր՝ Բաքուն երբեք չի համակերպվի Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքների հետ. սա այն դեպքում, երբ մի հարձակում արդեն նախաձեռնել էր 2016 թվականի ապրիլին։
Իսրայելն էր համոզված էր, որ որևէ մեկին, մանավանդ պաղեստինցիներին, երբեք չի հաջողվի շրջանցել «Երկաթե գմբեթ» հանրահայտ համակարգը, ուղղակի չէին կանխատեսում, որ Գազայի հատվածից հարված կհասցվի միանգամից ավելի քան երկու հազար հրթիռներով, որոնց առնվազն մի մասին հակաօդային պաշտպանության միջոցներն ուղղակի ֆիզիկապես չեն հասցնելու խոցել։ Բայց արդեն կարելի է հաստատ ասել, որ Իսրայելը անպայման շատ արագ դասեր կքաղի կատարվածից, այլ ոչ թե մեզ նման կգնա դանդաղաշարժ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ճանապարհով, որի աշխատանքը, ինչպես հայաստանյան տխուր փորձն է վկայում, կարող է տարիներ տևել։
Հիմա բոլոր մասնագետներն են նշում՝ 50 տարի շարունակ նման հարձակում չէր եղել։ Ու դա էլ է իր դերը խաղացել՝ թույլ տալով պաղեստինցիներին զանգվածաբար մուտք գործել Իսրայելի տարածք։ Ոչ ոք չէր սպասում, որ նրանք կգործեն ամենապրիմիտիվ, բայց և ամենաարդյունավետ ձևով՝ բազմաթիվ հատվածներում միաժամանակ սովորական շինարարական բուլդոզերներով կքանդեն ցանկապատը և կներխուժեն հրեաների բնակավայրեր։ Այսպիսի բան երբեք չէր եղել։ Ողջ Իսրայելն էր ցնցված՝ տեսնելով, թե ինչպես են զինված պաղեստինցիները հանգիստ շրջում սահմանամերձ քաղաքների փողոցներով և մտնում բնակիչների տները։ Ինչպես ասել է իսրայելցի ռազմական փորձագետ Դեյվիդ Շարպը, այս աննախադեպ ողբերգությունը Իսրայելի հատուկ ծառայությունների խոշորագույն ձախողումն է։ Իսկապես դժվար է այլ գնահատական տալ։