Ինչպես ՄՈւԿ ունեցող Վահեն 500 երեխայի կյանք փոխեց. ձիաբուժության մասին ու ոչ միայն

Արդեն մի քանի տարի է՝ Մարտունիում և Եղեգնաձորում գործում է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը, որտեղ հաճախում են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Այստեղ հաճախ կիրառվող վերականգնողական մեթոդների կողքին նաև ձիաբուժություն է իրականացվում։
Sputnik
6 տարի առաջ Մարտունիում Էկան պատահական դուռ թակեց` փորձելով հասկանալ, թե ինչ կարիքներ ունեն տեղի փոքրիկները։ Մտածում էին` մշակութային կամ զարգացման կենտրոն հիմնադրել, սակայն բացված դուռը վեր հանեց շրջանում եղած ամենամեծ խնդիրներից մեկը, որի ուղղությամբ պետք էր աշխատել։ Մասնագիտությամբ հոգեբան Էկա Հորստկան հանդիպեց 16-ամյա Վահեին և նրա հորը։ Վահեի մոտ ավելի քան 15 տարի առաջ մանկական ուղեղային կաթված էին ախտորոշել, ու դրանից հետո երեխան արևի երես գրեթե չէր տեսել։ Վահեն ո՛չ սոցբաժնում հաշվառում ուներ, ո՛չ էլ տեղի պոլիկլինիկայում նրա մասին տեղեկություններ ունեին։
Լինելու եմ պրոթեզով Էվերեստ բարձրացած 3-րդը. օդադեսանտային զորքերի կապիտան Գնելի հաղթանակը
«Երբ սկսեցինք թեմայով զբաղվել, պարզվեց` Վահեն միակը չէր, տարածաշրջանի մենթալիտետով պայմանավորված` շատ ծնողներ հաշմանդամություն ունեցող երեխաներին փակ էին պահում, խնդիրները թաքցվում էին»,– հիշում է Էկան։
Էկա Հորստկա
Թիմով ուսումնասիրություններ սկսեցին, արդյունքում տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 360 երեխաներ գտան հենց միայն Մարտունիում։ Ծրագիր գրեցին ու դրամաշնորհ շահեցին։
«Վահեին մենք այդ պահին արդեն օգնել, իր վիճակը թեթևացնել չէինք կարող, բայց ես միշտ ասում եմ` Վահեն 500 երեխայի կյանք փոխեց»,– պատմում է Էկան։
Այդպես ստեղծված «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն սկսեցին հաճախել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Էկան հոգեբան լինելուց բացի նաև օպերային երգչուհի է, միշտ փորձել է արվեստն օգտագործել որպես մեթոդ երեխաների զարգացման համար։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը
Այս դեպքում էլ մեթոդն աշխատեց, այս տարիների ընթացքում երեխաների հետ ու նրանց մասնակցությամբ տարբեր ներկայացումներ, միջոցառումներ են կազմակերպվել։ Կենտրոնում երեխաների հետ հոգեբաններ, լոգոպեդներ են աշխատում, երեխաները նաև հետազոտվում են, վերականգնողական բուժումներ անցնում, անհրաժեշտության դեպքում` վիրահատվում։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետն աշխատում է սաներից մեկի հետ
Կենտրոն հաճախում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներ, այլև տիպիկ. այսպես են անվանում հաշմանդամություն չունեցող երեխաներին։ Էկան բացատրում է` եթե կենտրոնը հասանելի լինի միայն հաշմանդամություն ունեցողների համար, նշանակում է` էլի խտրականություն կա։ Բացի այդ, առողջ ներառական միջավայր է ստեղծվում, որը բոլորի համար է օգտակար։ «Ոսկեփորիկը» ոչ միայն երեխաներին փոխեց, այլև նրանց ծնողներին, որոնց համար ևս թրեյնինգներ են կազմակերպվում։
«Մենք ինքներս էլ փոխվեցինք»,- նշում է Էկան։
2020 թվականին որոշեցին ևս մեկ «Ոսկեփորիկ» էլ Եղեգնաձորում հիմնադրել։ Դեռ Մարտունիում սկսեցին օժանդակ թերապիաների ձևեր ներդնել։ Խոսքն առաջին հերթին ձիաբուժության մասին է։

Հիպոթերապիա

Ձիաբուժությունը վերականգնողական բուժման օժանդակ մեթոդ է, որի մասին դեռ Հիպոկրատի օրոք է հայտնի եղել։ Էկան վերապատրաստվել է մոտ 5 տարի առաջ Եվրոպայում։ Ասում է՝ Շվեյցարիայում թերապիայի այս ուղղությունը ոչ թե օժանդակ, այլ հիմնականներից մեկն է համարվում։ Վերապատրաստվելուց հետո սկսել է Հայաստանում համապատասխան ձի փնտրել։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաները ձիաբուժության ժամանակ
«Ձիաբուժությունը մի քանի ուղղությամբ է օգուտ տալիս։ Մի կողմից երեխայի հուզական աշխարհի համար է շատ օգտակար, կենդանու հետ շփման փորձառություն է, շատ երեխաների հետ վախն ենք հաղթահարում կենդանիների հանդեպ. նրանք կերակրում են, շփվում, երկխոսում կենդանու հետ․ առաջին հերթին հոգեբանական գործոն է, բայց նաև ֆիզիոթերապևտիկ նշանակություն ունի։ Օրինակ, հայտնի մեթոդ է ձիու վրա պասիվ դիրքում պառկեցնելը, բայց դա միայն մասնագետը պետք է անի»,- ասում է Էկան։
Էկա Հորստկան`«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սանի հետ, ձիաբուժության ժամանակ
Ձիու քայլքի ժամանակ 110-ից ավելի մկաններ են շարժվում։ Օրինակ, ՄՈւԿ ունեցող երեխաներին երբ պասիվ դիրքում պառկեցնում են ձիու վրա, երեխայի մկանները շարժվում են, մարզվում, միաժամանակ երեխան անշարժ է։ Դրա համար էլ ձիաբուժության համար ամեն պատահած ձի չի կարող օգտագործվել․ այն պետք է լինի խնամված, ճիշտ քայլք ունենա և այլն։ Թեպետ ձիաբուժության այս պատմությունը ևս սկսվեց Մարտունիում, բայց այս պահին Եղեգնաձորում է շարունակվում, որտեղ համապատասխան ձի է գտնվել։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաները ձիաբուժության պարապմունքի ժամանակ

Փոքրիկ ոսկեփորիկները

Նարեի մոտ երկու տարեկանում Դաունի համախտանիշ ախտորոշեցին։ Այս տարիները բոլորի համար դժվար են եղել, մայրիկը՝ Անժելան, ասում է՝ ամենադժվար բաներից մեկը Նարեին հասկանալն էր, որովհետև թեպետ խոսք կար, բայց չէր հաղորդակցվում։ 3 տարի առաջ Նարեն սկսեց «Ոսկեփորիկ» հաճախել, ու հիմա մայրիկը մեծ ձեռքբերումներ է նկատում։
«Նարեն 16 տարեկան է, հաղորդակցվում է, մտքերն արտահայտում, էլ ստիպված չեմ գուշակել, թե ինչ է ուզում կամ չի ուզում»,- պատմում է մայրիկը։
16–ամյա Նարեն մայրիկի` Անժելայի հետ
10-ամյա Էլենն էլ մանկական ուղեղային կաթված ունի (ՄՈւԿ): Նախկինում շատ էր վախենում կենդանիներից, ձիերի հետ շփումը և՛ այդ վախն է վերացրել, և՛ Էլենն ավելի հանգիստ է դարձել։ Մայրը՝ Հայկանուշը, խոստովանում է՝ կենտրոնը միայն Էլենին չէ, որ փոխել է։
«Նախկինում կոմպլեքսավորվում էի, Էլենին համարյա տեղ չէի տանում, միայն ամենամտերիմների տուն, հիմա ազատ ինձ հետ ամեն տեղ տանում եմ»,- ասում է մայրիկը։
Էլենի մայրը՝ Հայկանուշը
Դե, իսկ 7-ամյա Կարինայի մոտ աուտիզմ է և խոսքի զարգացման հապաղում։ Հետաքրքիր է, որ խոսելիս Կարինան ավելի հաճախ անգլերեն բառեր է արտաբերում։ Մայրիկը՝ Ալինան, ասում է՝ մուլտֆիլմերի հետևանքն է, որի դեմ պայքարում են։ Երկու տարի է արդեն՝ «Ոսկեփորիկ» է հաճախում։
Կարինայի մայրը` Ալինան
«Շատ մեծ փոփոխություններ կան։ Հիպերակտիվ էր, հիմա բավականին հանգիստ է։ Իրեն նաև ձիու վրա են պառկեցրել, դա էլ շատ մեծ ազդեցություն է ունեցել. Կարինան շատ է խաղաղվել, առհասարակ, ձիու հետ շփումը շատ է նրան հանգստացնում»,- պատմում է Ալինան։

Երազանքներ

Հիմա կենտրոնը դրամահավաք է իրականացնում, քանի որ կարողությունները 500 երեխայի է բավականացնում, բայց այս ամենի կարիքն ունեցողների թիվն ավելի մեծ է։ Դրամահավաքը թույլ կտա ավելի մեծ թվով երեխաների ներառել նաև ձիաբուժության ծրագրում։ Էկայի մեծ երազանքն է, որ մի օր կենտրոնն ինքնաբավ դառնա, կախում չունենա բարերարներից։ Արդեն սոցիալական ձեռնարկատիրության մոդել են մշակել։ Ուզում են ստեղծել մի վայր, որտեղ սովորական ընտանիքները կգան, կհանգստանան, երեխաների հետ էլ մասնագետները կաշխատեն, նրանց զարգացմամբ կզբաղվեն։ Դա կլինի վճարովի, ստացված գումարն էլ հնարավորություն կտա, որ վերականգնողական թերապիաները հաշմանդամություն ունեցող երեխաների համար անվճար լինեն։
1 / 3

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաներից մեկը` Միլենան, իր մայրիկի հետ

2 / 3

Էկա Հորստկան և «Ոսկեփորիկի» սաներից մեկը կերակրում են ձիուն

3 / 3

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաներից մեկը

Էկան նաև շատ է ցանկանում, որ գա մի օր, երբ «Ոսկեփորիկի» կարիքը պարզապես չլինի։ Բայց, քանի որ այդ օրը դեռ մոտ չէ, նպատակ ունեն «ոսկեփորիկներ» հիմնել Հայաստանի բոլոր մարզերում ու ավելի շատ երեխաների կյանքեր փոխել։
Սնկարան, ջերմատուն, մակարոնի արտադրամաս․ Գետաշենի սովորական դպրոցի անսովոր ագրոառօրյան