ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հավանականությամբ հոկտեմբերի վերջին տասնօրյակում Թուրքիայում Ուկրաինայի թեմայով հանդիպում կկայանա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիան Ուկրաինայի վերաբերյալ միջազգային նոր հանդիպում է նախապատրաստում, որն իբր կանցկացվի Ստամբուլում, բայց Ռուսաստանին չեն հրավիրի այդ հանդիպմանը։ Նշվում էր, որ ստամբուլյան հանդիպումը կլինի Կոպենհագենում և Ջիդայում Ուկրաինայի թեմայով կայացած բանակցությունների ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու բանաձևը»։
«Ամսաթվի հարցում հստակություն դեռ չկա, համաձայնեցվում է։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի հոկտեմբերի վերջին տասնօրյակում», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` հունիսի վերջին Ուկրաինայի թեմայով բանակցություններ կայացան Կոպենհագենում, որոնց մասնակցեցին G7 երկրները, ԲՐԻԿՍ–ի որոշ երկրներ և Ուկրաինան։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին այսպես կոչված «Զելենսկու խաղաղության բանաձևի» կատարման ուղիները։ Մոսկվան այն համարում է իրականությունից կտրված։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան նման ձևաչափով հանդիպում անցկացրեց Ջիդայում։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Արևմուտքը ՌԴ–ին անդադար հորդորում է բանակցել, որի պատրաստակամությունը Մոսկվան դրսևորում է, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի` երկխոսության գնալու մշտական մերժումները։