ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,– պարզաբանեց Սարգսյանը։
Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։
«Ամեն դեպքում դա պետք է լինի, որովհետև եթե սա չունենանք, կնշանակի, որ հրաժարվեցինք մեր իրավունքից ունենալ Արցախի Հանրապետությունը։ Սա խնդիր է, որը պետք է առաջիկայում լուծվի»,–ասաց նա։
Սարգսյանը նաև համոզված է, որ 130-140 մլրդ դրամի վարկը, որը ՀՀ բյուջեից հատկացվում էր Արցախին, պետք է շարունակի մնալ ՀՀ բյուջեում և հատկացվի այստեղ ապրող արցախցիներին, քանի որ ժողովուրդը այստեղ է և այդ մարդկանց նույնքան օգնություն է պետք։
«Պետք է գործել շատ արագ և օպերատիվ։ Շատ կարևոր է, որ մենք այս ընթացքում ցույց տանք, որ չենք համակերպվել ու չենք համակերպվելու, որ Արցախը զավթել է թշնամին»,–ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը վստահություն ունի` արցախցիների համար վտարանդի կառավարության ստեղծումը և նրանց օգնելուն ուղղված քայլերը կարող է բերել ազգային միասնության։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։