ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը`«Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը,կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեր բողոքը»,– գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։