Ասում էինք, որ Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքը կարող է տարածվել. Զախարովան` Իսրայելի մասին

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում կոչ էին արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Կիևի ռեժիմին ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման ռիսկերի մասին, որոնք հետագայում տարածվում են աշխարհի երկրների «սև շուկաներում»: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մեկուկես տարի Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ճեպազրույցների ժամանակ խոսում էի այն մասին, թե ինչպես է Զելենսկուն մատակարարվող ՆԱՏՕ-ի (առաջին հերթին՝ ամերիկյան) զենքը տարածվում «սև շուկաներում»։ Պատճառը նույնպես նշում էի՝ կոռուպցիան Ուկրաինայում, ինչպես նաև Վաշինգտոնի և Կիևի կոռուպցիոն հատման կետը։ Ասում էի, զգուշացնում էի, խնդրում էի համաշխարհային լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել»,-գրել է Զախարովան։

Ավելի վաղ ամերիկուհի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ էր արել ստուգել զենքի ծագումը, որն օգտագործվել է պաղեստինցիների կողմից Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ, և ենթադրել էր, որ այն կարող էր նրանց մոտ հայտնվել նաև Ուկրաինայից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։