Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը վատ է գնահատում, քանի որ եղել են միջնորդություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Նման դեպքերում դատավորները սկսում են աղավաղել օրենքները, ասել, որ սևը սպիտակ է։ Մեղադրյալը ներկա չէր, ես հատուկ բան չասացի, իրենք նիստը մեկնարկեցին։ Սա ոչ իրավազոր նիստ էր, դատավորին դրա համար պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկեն, բայց հասկանում ենք, որ նման բան չի լինի։ Մենք սա չենք համարում դատարան, սա ամբիոն է մեզ համար հասարակության հետ երկխոսելու։ Պարոն Դոլմազյանն էլ որևէ շանս չունի ինքնուրույն ազատելուԱրմենին»,– նշեց Աթանեսյանը։
Նրա խոսքով` դատական նիստի ընթացքում դատավորը նաև օրենք է հնչեցրել, որը գոյություն չունի, ու ասել է, որ դրանով մեղադրանք կառաջադրի, բայց հետո նոր օրենքով կդատի։
Նշենք, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: