ԱՄՆ–ի վիզայի համար փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի նոր դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր այն քաղաքացիներին, որոնք տուժել են նշված խմբի գործողություններից, կոչ է անում դիմել իրավապահ մարմիններին։
Sputnik
ՀՀ–ում 2 անձինք գումարի դիմաց մի շարք փաստաթղթեր են կեղծել ԱՄՆ–ի մուտքի վիզա ապահովելու համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքն է բացահայտել։
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի ԱՄՆ մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև ԱՄՆ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթներում ներառել են կեղծ աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու և որակավորում ստանալու վերաբերյալ տեղեկանքներ, դիպլոմներ և վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, որոնք իրենց հերթին դրանք ներկայացրել են ՀՀ տարածքում գործող իրավասու մարմին:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։ Հայտնաբերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերաբերյալ քաղվածքներ, կնիքներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայականներ, կնքված դատարկ հավաստագրեր, պատվոգրեր, անձնագրեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր այն քաղաքացիներին, որոնք տուժել են նշված խմբի գործողություններից, կոչ է անում դիմել իրավապահ մարմիններին։
20 000 դոլարով «շենգեն են դասավորել». ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է