ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին

Հրթիռակոծություն
Թե կոնկրետ ինչ սպառազինություն է տրամադրվելու Իսրայելին, Պենտագոնի ղեկավարը չի հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը դատապարտել է Իսրայելի դեմ «Համասի» հարձակումը: Համապատասխան գրառումը նա արել է X սոցիալական ցանցում։
«Մենք խստորեն դատապարտում ենք «Համասի» այսօրվա ահաբեկչական հարձակումը ՆԱՏՕ-ի գործընկեր Իսրայելի դեմ։ Ահաբեկչությունը լրջագույն սպառնալիք է ազատ հասարակությունների համար, և Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի», - գրել է նա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին կապահովի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով:
«Մենք կհետևենք, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար», - նրա խոսքը մեջբերում է «Jerusalem Post»-ը։
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ կորցրել է 7 շրջանի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկի և պահեստազորայինների շտապ հավաքագրման մասին: Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի դեմ պատերազմի է դուրս եկել «Համաս» շարժումը։
«Համասը» հրապարակել է Իսրայելի հետ բախումների ընթացքում կորուստների նախնական թվերը՝ 161 զոհ և շուրջ 930 վիրավոր: Ըստ իսրայելական լրատվամիջոցների` պաղեստինցիների հարձակման հետևանքով Իսրայելը 40 զոհ և 740 վիրավոր ունի։