Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է. փողոցային մարտեր են ընթանում

Հրթիռներ
Հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է, մարդիկ արթնացել են պայթյունների ձայներից: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը»,– գրել է նա:
Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Նա նաև կադրեր է հրապարակել Սդերոտ քաղաքից։ Մարդիկ իրենց բնակարաններից նկարահանել են քաղաք ներթափանցած գրոհայիններին, որոնք զենքը ձեռքներին շրջում են քաղաքի փողոցներով։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ պատերազմի պատրաստականության ռեժիմ է հայտարարել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:
Հարավային և կենտրոնական շրջանների քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է գտնվել ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին ՝ ապաստարանների ներսում: