ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել

Բուժհաստատություն
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ պետական բուժհաստատություններում 332 թափուր աշխատատեղ կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են առողջապահության ազգային ինստիտուտում։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համապատասխան դասընթացներ անցնելուց և կրեդիտներ հավաքելուց հետո նրանք կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ բուժհաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դիմած անձանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ կրտսեր։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ կա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։