ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: «Համասի» ներկայացուցիչների պնդմամբ՝ գերեվարվել և Գազայի հատված է տեղափոխվել 35 իսրայելցի զինվոր։ Գերիների թվում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ կան։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ «Համասը» 7 շրջան է վերահսկողության տակ առել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է բնակչության՝ հայտարարելով, որ սա ո՛չ թե գործողություն է, ո՛չ էլ հարձակում, այլ լիարժեք պատերազմ, որում Իսրայելը կհաղթի: Նեթանյահուն ընդգծել է, որ «Համասը» թանկ կվճարի այս պատերազմի համար։
Միաժամանակ Գազայի հատվածում գտնվող մինարեթներից Իսրայելի դեմ ջիհադի կոչեր են հնչում։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի ոստիկանության տվյալներով` 60 մարդ է ներխուժել 14 շրջան: Մեծ մասին հաջողվել է Իսրայելի տարածք ներթափանցել սովորական պարապլանների օգնությամբ։
Տեղական պարբերականները կադրեր են հրապարակում, թե ինչպես են պաղեստինցիները քանդում Իսրայելի սահմանին գտնվող պատը, ընդ որում՝ «խելացի ցանկապատը» հաջողվում է տապալել շինարարական բուլդոզերներների օգնությամբ։
Պաղեստինցիները կոտրում են Իսրայելի սահմանին գտնվող պատը
Հաղորդվում է նաև, որ «Համասն» ազատ է արձակել Գազայից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ասկալոն բանտի կալանավորներին։
Համացանցում տարածվում են իսրայելական զրահատեխնիկայի խոցման և զինյալների կողմից ՑԱԽԱԼ-ի զինվորների գերեվարման տեսագրությունները։
Հիշեցնենք` այսօր առավոտյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության մեկնարկի մասին՝ հերթական լոկալ պատերազմը սանձազերծելով Իսրայելի դեմ: