ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը միայն կուժեղացնի Հայաստանի հավաքականը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:
Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում:
«Ես Էդգարին շնորհավորել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Կեցցե նա, մեր թիմը նրա շնորհիվ շատ կուժեղանա։ Լավ ֆուտբոլիստ է», - ասել է Տիկնիզյանը։
Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան թիմերում։
2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե» և խաղացել պատանեկան թիմերում։ 2022 թվականի հուլիսին Էդգարը տեղափոխվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ»։
Անցյալ տարվա հունիսին տեղեկություններ հայտնվեցին, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն։ Այս տարվա հուլիսին Սևիկյանը հայտարարեց, որ հաճույքով կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն այն ժամանակ հրավեր դեռ չէր ստացել։
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղերին (Լատվիայի հավաքականի դեմ հանդիպումը կկայանա հհոկտեմբերի 12, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղը` հոկտեմբերի 17–ին)։