ՌԴ խաղաղապահները հաց են մատակարարել Լեռնային Ղարաբաղում մնացած քաղաքացիներին։ Հաց թխելու և հասցեական առաքում ապահովելու գործընթացն իրականացրել են խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Արցախում մնացած անձանց ստույգ թիվը հայտնի չէ։ Որոշ տվյալներով` այնտեղ շուրջ 50 մարդ է մնացել։