ՔԿՀ պաշտոնյան կաշառք է վերցրել դատապարտյալին արգելված իրեր փոխանցելու համար

ՔԿՀ
Դատապարտյալներից մեկն անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին կաշառք է տվել, որպեսզի նա բջջային հեռախոսներ և այլ պարագաներ մտցնի ՔԿՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը կաշառքի դիմաց արգելված իրեր է մտցրել ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է:
«Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Կ. Կ.-ն վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք։
ՀՀ–ում 17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ
ՔԿՀ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք ստանալը), իսկ Մ. Ա.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք տալը)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՊՆ պաշտոնյաները նորակոչիկի ծնողից և վարժական հավաքների մասնակիցներից կաշառք են ստացել