ԵԽԽՎ–ն հոկտեմբերի 10–ին կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը

Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։ Տեղեկությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։
ԵԽԽՎ–ից հայտնում են, որ 2023 թ. հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։
«Համատեղ կոմիտեն կքննարկի նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և վեհաժողովի համար և կխթանի այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորություններին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: