Էն թորքը, որ ասում էր` համերաշխ ապրենք, երեխայի վիզ էր կտրում
Այս կացարանի ամենափոքր բնակիչը Լիան է, ապրում է երկրորդ հարկում եղբոր` 3-ամյա Լեոյի, մայրիկի` Լուսինեի ու հայրիկի` Հարութի հետ։ Սենյակ ենք մտնում թե չէ, լայն ժպիտ է դեմքներիս հայտնվում. այնտեղ վազվզում է սիրուն շորիկով Լիան` գրկում Արցախից բերած տիկնիկը։ Անծանոթներից ո՛չ վախենում է, ո՛չ զարմանում` հիմա բոլորն են անծանոթ։ Լիայի 1 տարվա կյանքի մեծ մասն անցել է շրջափակման մեջ։ 9 ամիսների ընթացքում մեծ ու փոքր արցախցիները ստիպված էին շատ բաների չլինելու հետ հաշտվել, փոքրիկ Լիան էլ տակդիր չհագնելուն էր սովորել, հիմա «պամպերսի» հետ կռիվ է տալիս։
Փոքրիկ Լիան
© Sputnik / Aram Nersesyan
Այժմ 4–ով կյանքը կառուցում են զրոյից` քաղցրեղեն, հաց, լվացքի փոշի, ամանի հեղուկ ու տակդիր կա, բայց իրենց տունը չկա, ծննդավայրը, ծանոթ բույրերը, ձայներն ու մարդիկ չկան։
«Մենք լավ հասցրեցինք երեխեքին հանել»,– ասում է ընտանիքի հայրը` Հարութը։ Տուն ու տեղ կորցրած երիտասարդ ամուսիններն Աստծուն փառք են տալիս, որ իրենց երկու երեխաներն էլ փրկվել են, գիտեն` ոչ բոլոր ծնողներն են իրենց նման բախտավոր եղել։
Հարութն ու Լուսինեն իրենց բալիկների հետ Վանաձորում
© Sputnik / Aram Nersesyan
Երիտասարդ ընտանիքը Ստեփանակերտից է, Հարութը ոստիկանության համակարգի ծառայող էր, զինաթափվելուց ու զենքը հանձնելուց հետո որոշեց ընտանիքին դուրս բերել, բայց վառելիք չկար։
«Գնացի, բենզալցակայանի մեծին ասեցի` ես օրենքի մարդ եմ, խնդիր չի լինի, արի միասին եղած բենզինը բաժանենք մարդկանց, դուրս գան, փրկվեն։ 20-20 լիտր մի 15-20 հոգու բաժանեցինք...»,– պատմում է Հարութը։
Արցախցի Հարութը Վանաձորում
© Sputnik / Aram Nersesyan
Արցունքն աչքերին ամուսնուն ընդհատում է Լուսինեն։
«Մի քանի շոր հավաքեցի, մեկ էլ մազերի ֆեն վերցրեցի... »։ Ամենաշատը ցավում է, որ տատիկի հանգիստը (խմբ.` գերեզման) մնաց։
Ճանապարհի համար վերցրեցին 6 հատ հաց և ունեցած միակ 1 տուփ «տուշոնկան»` վստահ լինելով, որ ինչքան էլ երկար ճամփան լինի, երեխաները գոնե սոված չեն մնա։ 2 օր տևած գաղթի ճանապարհին իրենց փոքրիկների հացը կիսում էին նաև մյուսների երեխաների հետ։
«Մենք չէինք ուտում, երեխեքի համար էինք պահում»։
Փոքրիկ Լեոն
© Sputnik / Aram Nersesyan
Ճանապարհի ամենասարսափեցնող հատվածն ադրբեջանական անցակետն էր, որտեղ Հարութին իջեցրին մեքենայից, մի կողմ տարան։
«Կամերա էր, ասեցին` կամերի մեջ նայի, հետո ասին` բան չկա, անցի, իրենց ցուցակում չկայի»,– ասում է Հարութը։
«Սոված–ծարավ Գորիս հասանք, մեզ էդտեղ ջերմ ընդունեցին։ Լեոն ասավ` մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա»,– ավելացնում է Լուսինեն։
Լուսինեն փոքրիկ Լիայի հետ
© Sputnik / Aram Nersesyan
Համար 4 սենյակն ու Աստծուց նվեր ստացած Նվերը
Կացարանի առաջին հարկի համար 4 սենյակում Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից տեղահանված Սաթենիկն ու Արագածն են` 2–ամյա Նվերի և տատիկի հետ։ Նվերը ծնվել է ամուսնության 15-րդ տարում, երբ զույգը երբևէ ծնող դառնալու հույսն արդեն կորցրել էր` Սաթենիկը շաքարախտ ունի, Արագածն էպիլեպսիայով է տառապում։ 2020 թվականի պատերազմի օրերին էլի էին ստիպված տեղահանվել, կրկին Վանաձոր էին եկել։ Հետ գնացին հարազատ գյուղ, պարզվեց` Սաթենիկը բալիկի է սպասում։ Հղիությունն Աստծո պարգև էր, ուստի երեխայի անվան շուրջ էլ երկար չմտածեցին` Նվեր։
Արցախցի Սաթենիկն ու Արագածը Վանաձորում
© Sputnik / Aram Nersesyan
Սեպտեմբերի 19-ին կռիվը սկսեց, անհանգստացած էին, բայց առաջին անգամը չէր, որ թուրքը գլխներին ռումբեր էր թափում։ Սեպտեմբերի 20-ին Արագածը տուն վազեց վատ լուրով` գյուղը դատարկում են, ասել են` 2 ժամից թուրքը Խաչենագետին է հասնելու։ Սեփական մեքենա չունեն, գյուղացիներից մեկի ավտոմեքենայով դուրս եկան. ոչ մեքենայում տեղ կար, ոչ էլ ժամանակ իրեր հավաքելու` իրենց հագի շորերով դուրս եկան։
Փոքրիկ Նվերը
© Sputnik / Aram Nersesyan
«Արցախբանկում ոսկի ունեի դրած, անգամ դա չկարողացա վերցնել»,– ասում է Սաթենիկը։
Հայաստան գալու ճանապարհն էլ մի նոր փորձություն էր։ Անցակետից ոչ հեռու բենզատարը շրջվեց, բենզինը թափվեց։ Արագածը հեռու չէր այդտեղից, սթրեսից նոպա ունեցավ, դիմահար ընկավ ասֆալտին։ Ասում է` ադրբեջանցիներն առաջարկեցին տանել իրենց մոտ, բուժօգնություն ցուցաբերել, սակայն Արագածը չհամաձայնեց։ Արդեն Հայաստանում` Գորիսում, պարզվեց` քիթը մի քանի տեղից կոտրվել է։ Արագածն արդեն վիրահատվել է, քթի վերքը լավանում է, բայց սրտներում բացված վերքը` չէ։ Ասել են` հնարավոր է` մի կես տարի այս կացարանում մնաք։ Թե ինչ է լինելու, որտեղ ու ինչպես են ապրելու դրանից հետո, պատկերացում էլ չունեն։