ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 216 անձ արդեն իսկ դիմել և հայտավորվել է հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատելու համար։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` շարունակվում է բուժաշխատողների ակտիվ հաշվառումը, որպեսզի հնարավորություն լինի սեղմ ժամկետներում իրականացնել նրանց համար անհրաժեշտ վերապատրաստումների, հավաստագրումների ողջ գործընթացը, ինչպես նաև Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց տեղավորումը։
«216 հոգի արդեն դիմել է և հայտավորվել։ Մենք նրանց հետ անհատական աշխատանքներ ենք իրականացնում։ Ըստ կրթական և մասնագիտական կարիքների՝ այդ անձինք կստանան բոլոր ծառայությունները։ Այս պահին առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք (նախարարության կայքում ցանկը կա)»,– նշեց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված https://www.workforall.am/ կայքում այս պահի 4500 թափուր աշխատատեղ կա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։