ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից 1520–ի կացարանի խնդիրը 6 ամսով լուծվել է. «Գազպրոմ Արմենիա»

Արցախից բռնի տեղահանվածներ. արխիվային լուսանկար
Ընկերությունը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օժանդակելու նպատակով չորս օրվա ընթացքում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիրը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը կնքվել է վեց ամիս ժամկետով։
Ընկերությունը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձանց:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։