Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԿԽՄԿ թիմը շրջում է Ստեփանակերտի փողոցներով` խոցելի խմբերի մարդկանց գտնելու համար

Հոկտեմբերի 4–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 632 անձ։
Sputnik
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները շարունակում են շրջել Ստեփանակերտի փողոցներում ու բարձրախոսներով փնտրել խոցելի խմբերի մարդկանց, որոնք ունեն օգնության կարիք։ ԿԽՄԿ–ն այս մասին տեսանյութ է հրապարակել։
«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն»,– գրված է տեսանյութին կից:
Այս մարդկանց հայտնաբերելուց հետո ԿԽՄԿ աշխատակիցները ցանկացողներին օգնել են տեղափոխվել Հայաստան։
Նշենք, որ հոկտեմբերի 4–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 632 անձ, որոնցից հաշվառվել է 98.216–ը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։