ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում 2023 թ. հոկտեմբերի 15-ից ալկոհոլային ապրանքներն ակցիզային դրոշմանիշները կլինեն համաձայն ԵԱՏՄ–ում գործող ապրանքների նույնականացման մոդելի։ Որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
«ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Նոր մոդելով դրոշմավորումը նպատակ է հետապնդում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի Հայաստանում շրջանառվող ապրանքների քանակի և որակի վերահսկողությանը իրական ժամանակում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային GS1 DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը ունիկալ է և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։
ՊԵԿ–ից նաև նշում են, որ դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է ազգային օպերատորը՝ թվային եղանակով։ Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում։
Կոմիտեից վստահեցնում են, որ այս համակարգի ներդրումը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվել նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։