Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի գազի լիցքավորման կետերից մեկում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է` հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում
ՆԳՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
shamshyan.com–ը որոշ մանրամասներ է հայտնել դեպքից։ Կայքը գրել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Ժամանելուց հետո հրշեշ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել և ուղեկցել են անվտանգ տարածք։