ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան

ԿԳՄՍ նախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն, աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` իր խոսքը սկսելով ուսուցչի տոնին ուղղված շնորհավորանքով։
400.000 դրամ և ավել աշխատավարձ ստացող ուսուցիչները մի քանի տասնյակից շատ են. ԿԳՄՍ նախարար
Նախարարի ներկայացրած նախագծով վերանայվեց և հաստատվեց ՀՀ–ում դասավանդող 38 հազար ուսուցիչների աշխատաժամանակը։
Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսուցչի 1 դրույքի ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 22 ժամ, ինչը թույլ չի տալիս կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները լուծել։
«Այժմ առաջարկվում է 1-4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար սահմանել 1 դրույքի շաբաթական ծանրաբեռնավածությունը 18 ժամ, 5-12–րդ դասարաններում` 20 ժամ։ Սա կհանգեցնի տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի 20 տոկոս աճի, 5-12–րդ դասարաններում` 10 տոկոս աճի»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` այս գործընթացը տեղի կունենա փուլային տարբերակով։
Նախարարը տեղեկացրեց, որ 2023–ի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական հաստատությունների 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարաններում այդ մեխանիզմն արդեն գործում է, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներառել մյուս դասարանները ևս։
Աշխատանք գտնելը բարդ կլինի. Արցախի ուսուցիչներից քանի՞սն են իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍՆ
Անդրեասյանը հավաստիացրեց, որ այս նախագիծը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը։