ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։
Ըստ հայտարարության` կողմերը «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
«Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և դրա սպառնալիքի սկզբունքը։ Ընդգծել են կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանագծման աշխատանքների հրատապ անհրաժեշտությունը»,– գրված է հայտարարությունում։
Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և վերաբացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնված են երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:
Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը ՝ բոլոր հարթություններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից:
Նրանք համաձայնել են Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ` կապված ԼՂ–ից հայերի հոսքի հետ։
«Այդ փախստականները պետք է հնարավորություն ունենան ազատորեն իրականացնել իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրենց իրավունքը՝ առանց որևէ պայմանի միջազգային հսկողության ներքո և պատշաճ հարգանքով իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրոպական առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրի լուծման հարցում, ինչպես նաև աջակցել ականազերծման աշխատանքներին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: