ԵԱԶԲ–ի երկրները` ներառյալ ՀՀ–ն, կկարողանան բանկի հաշիվները համալրել ազգային արժույթներով

ԵԱԶԲ
Նախկինում հիմնականում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր ֆինանսավորող կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հաշիվները կարելի էր համալրել և ստանալ միայն դոլարով կամ եվրոյով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի շահառու երկրները կկարողանան բանկի հաշիվները համալրել ազգային արժույթներով։ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի մասին 2009 թ. ստորագրված պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամն առանձին իրավաբանական անձ չէ. նրա միջոցները տնօրինում է հիմնադիր երկրների խորհուրդը (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան): Խորհրդի հանձնարարականների հիման վրա է Եվրասիական զարգացման բանկն իր ենթակայության տակ առկա միջոցները ծախսում։
Նախկինում հիմնադրամի միջոցները ձևավորվում և տրամադրվում էին դոլարով կամ եվրոյով։ Պայմանագրում ազգային արժույթների օգտագործման հնարավորություն նախատեսված չէր։ Այդ պատճառով ԵԱԶԲ շահառու երկրները որոշում են կայացրել լրացնել այդ բացը և ստեղծել նոր հնարավորություն։
Հիշեցնենք, որ հիմնադրամից հատկացվում են և՛ դրամաշնորհներ, և՛ վարկեր։ Դրամաշնորհները տրամադրվում են տեխնիկական աջակցության ծրագրերին, վարկերը՝ խոշոր նախագծերին, որոնք համակարգային կարևորություն ունեն ազգային տնտեսությունների համար։
ՀՀ–ում Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի վարկային ծրագրերը ներառում են «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շրջանակներում Ագարակ–Քաջարան հատվածի կառուցումը` 150 մլն դոլար, ինչպես նաև ոռոգման համակարգերի արդիականացումը 40 մլն դոլար:
Դրամաշնորհային ծրագրերը ներառում էին աշխատանքի էլեկտրոնային բորսան, վարակիչ հիվանդությունների կանխարգելման էլեկտրոնային տվյալների բազան, ինչպես նաև հասարակական շենքերում էներգախնայողության մեխանիզմների ներդրման տեխնիկական աջակցությունը:
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ–ի ընդհանուր ծավալը կազմում է 8 մլրդ 513 մլն դոլար։ ՀՀ ներդրումը կազմում է 1 մլն դոլար։ 2023 թ. ապրիլին Հայաստանը ԵԱԶԲ–ում իր մասնակցությունը 0,07%–ից ավելացրել է մինչև 4,23%:
Հայաստանում ԵԱԶԲ–ի ծրագրերը պետական հատվածում ներառում են դպրոցների սեյսմակայունության բարձրացումը, մասնավոր հատվածում տրամադրվում են վարկեր «Հարավկովկասյան երկաթուղուն», Eremyan Projects ընկերությանը, «Կասկադ էներգոյին», որը կազմում է «Տաշիր» հոլդինգի մի մասը, և այլն:
Երևանը բանակցում է ԵԱԶԲ-ի հետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ֆինանսավորման շուրջ