Արշակ Կարապետյանը չէր շտապում մեղադրել ՀՀ իշխանություններին. Տիգրան Աբրահամյան

Արշակ Կարապետյան
Պատգամավորն Արշակ Կարապետյանին առաջարկում է հանրայնացնել իր հայտարարություններն ապացուցող փաստերը, քանի որ դրանից հանրությունը միայն կշահի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այն, որ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, նորություն էր։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով որոշել է նոր քաղաքական շարժում ձևավորել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախկին պաշտոնյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ–ի ուղղությամբ։
«Նա ո՛չ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնելու ընթացքում է նման հայտարարություն արել, ո՛չ էլ պաշտոնից ազատելուց հետո, թե նրա մոտ ինչ նոր գաղափարներ են ծնվել, ինչու է որոշել իրական գնահատականներն այսօր հնչեցնել, ինձ համար երկրորդական հարց է, դեռևս չեմ ցանկանում առավել ծավալվել այս թեմայով»,– նշեց Աբրահամյանը։
Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Արշակ Կարապետյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները՝ նշելով, որ եթե ՊՆ նախկին ղեկավարին հայտնի են ինչ-որ կարևոր փաստեր, ապա թող դրանք հրապարակի, հանրությունը դրանից միայն կշահի:
Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարությանը, թե հայաստանյան իշխանություններն են դիմել Ադրբեջանին՝ խնդրելով Ռուբեն Վարդանյանին բաց չթողնել Արցախից, ապա, ինչպես նշեց պատգամավորը, դա չի բացառվում՝ դատելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունից, բայց եթե կան կոնկրետ ապացույցներ, փաստեր, ապա դրանք պետք է հրապարակվեն։
Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին և պաշտոնից ազատվել նույն թվականի նոյեմբերին: