ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված անձանցից 5257–ը ժամանակավոր կացարանով են ապահովվել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Տեղահանվածներից ավելի քան 4000–ը վարձակալությամբ տրված բնակարաններում են կամ տարբեր գյուղերի սեփական տներում։ 4100 մարդու համար սննդի և հիգիենայի պարագաների առաջնային փաթեթները կա՛մ բաժանված են, կա՛մ ընթացքի մեջ են։ Մյուս հրատապ խնդիրները գույքագրվում են»,– ասաց մարզպետը։
Նրա խոսքով` 328 աշակերտներ հաճախում են մարզի դպրոցներ։
Նշենք, որ ըստ վերջին տվյալների` Արցախից բռնի տեղահանված աշակերտներից 6592–ն արդեն դպրոց են հաճախում ՀՀ–ում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։