Առանց Ալիևի. Փաշինյանը, Մակրոնը, Շոլցն ու Միշելը կհանդիպեն Գրանադայում

Նիկոլ Փաշինյան
Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավոր քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Շառլ Միշելը Գրանադայում հանդիպում կանցկացնեն՝ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրախորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, քննարկեն, թե ինչ կարող է անել Եվրամիությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները»,– ասել է նա։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ հանդիպման շրջանակում նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ–Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ։
Հիշեցնենք` այսօր Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց իր գլխավորած պատվիրակությունն այնուամենայնիվ կմեկնի Իսպանիա։
ՀՀ վարչապետն Իսպանիա է մեկնել երեկ` հոկտեմբերի 4-ին։ Նա այսօր Գրանադա քաղաքում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին։