Ադրբեջանը կփորձի օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի լարված հարաբերություններից և ավելին ստանալ. պատգամավոր

Աբրահամյանի կարծիքով` Ադրբեջանը վերանայելու է նաև իր պահանջներն ու մոտեցումները, որոնք ձևավորվել էին հետպատերազմյան շրջանում և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակի քաղաքական, ռազմական, նաև բարոյահոգեբանական առավելությունից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի և այս տարածաշրջանի հիմնական դերակատար Ռուսաստանի միջև ձևավորված խիստ լարված հարաբերությունները, և փորձելու է ստանալ ավելին»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` այս պահին Ադրբեջանը երկու խնդիր է փորձում լուծել` Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի լիարժեք մաս դարձնել Թուրքիային` այդպիսով նաև ավտոմատ կերպով մեծացնելով Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում։
Ադրբեջանը նաև փորձում է վերանայել իր մոտեցումներն ու պահանջները, որոնք ձևավորվել էին 44-օրյա պատերազմից հետո և ներկայացվում էին ՀՀ իշխանություններին։
«Ադրբեջանը կարծում է, որ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել»,– ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա` բանակցային գործընթացում ճնշումները մեծանալու են և ադրբեջանական քաղաքականությանը համապատասխան` ուղեկցվելու են նաև ուժի կիրառման սպառնալիքներով։ Այս իրավիճակում նաև չի բացառում, որ առաջիկայում հնարավոր է` նոր դաշտ ձևավորվի Ադրբեջանի մասշտաբային գործողությունների համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։