Զախարովան նշել է` ինչու է ՌԴ–ն Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում առանց վիզայի ռեժիմը

Մարիա Զախարովա
Նախորդ տարվա ամռանն Ուկրաինան միակողմանի կարգով խզեց առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մարդասիրական նկատառումներից ելնելով Ուկրաինայի քաղաքացիների համար պահպանում է առանց վիզայի ռեժիմը, ի տարբերություն Կիևի, որը ռուսաստանցիների համար վիզաներ է սահմանել։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նույն ճանապարհով չի գնա, չի նմանվի կիևյան ռեժիմին և վրեժխնդիր չի լինի հասարակ մարդկանցից, որոնք շահագրգռված են բարեկամական, հոգևոր կապերը պահպանելու հարցում, – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ – Մարդասիրական այս տրամաբանությունից ելնելով առանց վիզայի ռեժիմը կպահպանվի»։
Զախարովան հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը կիևյան ռեժիմը որոշում ընդունեց ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին` միակողմանիորեն խզելով առանց վիզայի ուղևորությունների մասին միջկառավարական երկկողմ համաձայնագիրը։
«Մինչ այդ, հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք վիզայի ռեժիմ գոյություն չի ունեցել։ Այդ պրակտիկայի խարխլումը Կիևի կողմից ուղղված էր մարդկանց միջև շփումը առավելագույնս դժվարացնելուն», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները կանխել են Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբի ներթափանցման փորձը Ղրիմ
Սեպտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի քաղաքացիների մուտքի և ելքի կարգի մասին հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն` Ուկրաինայի քաղաքացիները կարող են հատել ՌԴ սահմանը առանց վիզայի ձևակերպման ուկրաինական ներքին կամ արտասահմանյան, դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերի, նավաստու կամ օդանավի անձնակազմի անդամի վկայականի հիման վրա։ Դա կարելի է անել նաև Ուկրաինա վերադառնալու ժամանակ անձը հաստատող փաստաթղթով (այդ դեպքում թույլատրվում է մեկնել միայն այդ երկիր)։ Երեխաների դեպքում կպահանջվի ծննդյան վկայական կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը երեխայի մասին տեղեկությամբ։