Միջազգային հանրությունը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում. ՀՀ ԱԳՆ

Պարույր Հովհաննիսյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը լեհ պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայական կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։
«Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայական կա»,–ասել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։