ԼՂ–ի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ–ի հստակ գնահատականը. Ավանեսյանը` Կլյուգեին

Ավանեսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին տասը ամիսներին Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը վերաբերում է նաև ԼՂ–ին։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունն, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նաև ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:
Ավանեսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին
Հանս Կլյուգեն էլ վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։