ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կրակոցների հետևանքով ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։
Նշված դեպքի առթիվ ևս քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի (հանցափորձ` ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)։
Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Նախաքննություն է ընթանում կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։