ՀՀ–ում ուսուցչի 1790 թափուր տեղ կա. նախարարը` ԼՂ–ից տեղահանվածներին առնչվող ծրագրերի մասին

Ժաննա Անդրեասյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարը շեշտեց` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ներկա պահին կա 1790 ուսուցչի թափուր տեղ, և դպրոցներում կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առաջիկա օրերին նրանք կկարողանան դիմել, որպեսզի հենց իրենց դասավանդած առարկայի համար թափուր աշխատատեղ գտնեն։ Կարող են ընտրել նաև մարզը և բնակավայրը։ Մենք այժմ իրականացնում ենք նաև ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների համար վերապատրաստման ծրագիր։ Դա անում ենք, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս ճիշտ ձևով կազմակերպեն ուսումնական գործընթացը»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը շեշտեց` ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Սա էլ իր հերթին կհանգեցնի աշխատավարձի 30 տոկոս հավելավճարի, ինչն էլ լրացուցիչ աջակցություն կլինի հայրենակիցների համար։
Նրա խոսքով` Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 000 անչափահաս կա, նրանցից շուրջ 8000-ը նախադպրոցական տարիքում են, իսկ մնացածը` դպրոցականներ։ Արդեն շուրջ 5000 աշակերտ ընդգրկված է դպրոցներում, սակայն այս թիվն ամեն ժամ փոխվում է։ Անդրեասյանը շեշտեց` հընթացս լուծվում են գրենական պիտույքներով և դասագրքերով ապահովման խնդիրները։
ԿԳՄՍ–ն նաև համապատասխան մասնագետների և կառույցների կողմից ապահովում է հոգեբանական աջակցության գործընթացը։
Նախարարության համար առաջնահերթ է նաև ուսանողների կրթության շարունակականությունը։ Խոսքը ոչ միայն բուհերի, այլև քոլեջների, ուսումնարանների մասին է։ Առաջիկայում ներկայացվելու է կրթաթոշակային ծրագիր, որը թույլ կտա ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին իրենց կրթությունը շարունակել տարբեր հաստատություններում։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։