Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով

Գրիգորի Խաչատուրով. Արխիվային լուսանկար
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ` երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Այս մասին հայտնում է «Դատական իշխանություն» Telegram-ի ալիքը։
Նշվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 15։00-ին։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։