ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գալստյանը։
Նա նշել է, որ ներկայում Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 3-ին հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքուն Բակո Սահակյանի սանիկ Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում հայերի ներկայացուցիչ։ ԶԼՄ–ների տեղեկություններով` նա 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։
Նշվում էր, որ Գալստյանը եղել է Շուշիի Ավան պլազա հյուրանոցի տնօրեն, ինչպես նաև Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։