ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռի տեղահանված ավելի քան 250 տարեց, որոնցից շատերը նաև ունեն հաշմանդամություն, գտնվում են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության խնամքի կենտրոններում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա վստահեցրեց` տարեցները ստանում են այն օգնությունը, որի կարիքը ունեն։
«Օրինակ` այս պահին տարբեր առողջական խնդիրներ ունեցող 30 տարեց գտնվում են Մեծամորի բժշկական կենտրոնում։ Նրանք անհրաժեշտ բուժումից հետո կտեղափոխեն խնամքի հաստատություններ», – ասաց Մկրտչյանը։
Նախարարի կանխատեսումներով` ընդհանուր առմամբ շուրջ 300 տարեցներ կտեղափոխվեն համապատասխան կենտրոններ։
Ինչ վերաբերում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ապա նրանց թիվն այս պահին 20 է։ Մկրտչյանը նշեց, որ բոլորն ուղղորդվել են խնամքի կենտրոններ ու արդեն ներգրավվել կրթական գործընթացում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։