ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Ռուսաստանը շարունակում է անհանգստանալ ԼՂ–ում ապրող հայերի համար և ուշադիր հետևում է Բաքվի հավաստիացումներին այն հայերի անվտանգության ապահովման մասին, որոնք կցանկանան մնալ Ղարաբաղում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա միաժամանակ նշել է, որ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը մարդասիրական օգնության հոսքերի ապահովման, այն հայերի կենսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք լքում են Ղարաբաղը և որոնք մնում են այնտեղ։
«Եվ մենք դա կանենք հետագայում»,– հավելել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը կրկնել է, որ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը դարձավ տարածաշրջանում իրավիճակի ներկայիս սրման նախադրյալ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարների այլ դատողություններին, ապա այստեղ միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա ընդունել է Պրահայում և ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991թ.դրությամբ ։ Ըստ այդմ` նա Ղարաբաղի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Եվ ահա հենց դա է այն ամբողջ իրավիճակի նախադրյալը, որն այժմ կա», - ասել է Պեսկովը ։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է մուտք գործել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով` ԼՂ–ում կարող է մնացած լինել 50-1000 մարդ։