«Ինտեր Մայամիի» սեփականատերը Մեսսիին խոստացել է հրաժեշտ կազմակերպել «Բարսելոնայի» հետ

Լիոնել Մեսսիին. Արխիվային լուսանկար
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին խոստացել է «Բարսելոնայի» երկրպագուների հետ նրա հրաժեշտը կազմակերպել այնպես, ինչպես ֆուտբոլիստը կցանկանար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» այն չէր, ինչ նա կցանկանար։ Նա չկարողացավ հրաժեշտ տալ ակումբին, որը նրան ընդունել էր դեռ երեխա ժամանակ, և, կարծում եմ` հանգամանքներն այնպիսին չէին, ինչպիսին Լիոնելը կուզեր։ Ես նրան խոստացա, որ առաջիկա տարիներին ամեն ինչ կանեմ, որպեսզի նա հնարավորություն ունենա հրաժեշտ տալ Բարսելոնայի երկրպագուներին։ Հնարավոր է` «Ինտեր Մայամին» ինքը կգա, կամ մենք ինչ-որ հանդիպում կկազմակերպենք»,-Մասի խոսքը մեջբերում է Marca-ն ։
Արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» սան է, որի կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: 2021 թվականին նա տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է աշխարհի չեմպիոն և Ամերիկայի Գավաթի հաղթող: Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։