ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի կարողանա միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և, ցավոք, միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն»,– ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը, ըստ նրա, նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի։
Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:
«Շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում»,– ասել է նա։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանի համար նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն, և վստահեցրել, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։