ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն. խնդիրներ են եղել

Մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրները կամփոփվեն ու կներկայացվեն իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց փաստաթղթերին առնչվող հարցերին: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությանում բուժում ստացող անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ստուգվել են նաև կենտրոնի աշխատակիցների իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող բուժառուներին առնչվող փաստաթղթերը։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում աշխատանքային թերապիայի պայմաններ են ստեղծվել
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: