ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում lհայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դա թշնամական քայլ է։ Թշնամական է նաև Կիև գնալը (վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր մեկնել` կանանց համաժողովի մասնակցելու և հանդիպել էր Զելենկսու կնոջ հետ- խմբ.), քաղաքական տարբեր հայտարարությունները... Ցավոք, դրա հետևանքներն էլ մենք ենք կրելու, ժողովուրդը։ Արդեն բողոքներ կան, որ սահմանին բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրներ կան»,– նշեց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։
Հարց հնչեց, թե ինչումն է խնդիրը, որ ընդդիմությունը դեմ է Հայաստանի կողմից այդ ստատուտի վավերացմանը, չէ որ այն ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում։ Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո այդ երկրի նախագահին դատի կտա՞ն։ Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։
Նա ընդգծեց` Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ուղղությամբ է շարժվում, և Ռուաստանից կարելի է հակազդեցություն սպասել։ Պատգամավորը չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի, սակայն շեշտեց` պետք է հիշել, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ, իսկ նրանք վերջերս հասկացան, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր։